Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Պետությունն առաջին դրական քայլն արեց` հետ վերցնելով կինոստուդիան»

«Պետությունն առաջին դրական քայլն արեց` հետ վերցնելով կինոստուդիան»
07.09.2015 | 13:14

Վերջին շրջանում քննարկումների կիզակետում է ՀՀ կառավարության կողմից Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան հետ պահանջելու գործընթացը:

Բազմիցս խոսվել է, վերջին շրջանում դարձյալ ընդգծվեց, որ սեփականատերը` «Գաֆէսճեան» հիմնադրամը, չի կատարել պայմանագրային պարտավորությունները: Բացթողումներ կան կինոժառանգության թվայնացման առումով: Պայմանագրով նախատեսված 460 ֆիլմի փոխարեն թվայնացվել է 220-ը, ի դեպ, տեխնիկական ու ստեղծագործական լուրջ խոտաններով: Ներդրումների, տեխնիկական վերազինման, նկարահանման նոր տաղավարների մասին խոսք լինել չի կարող: Ասում են` եղածն էլ քամուն է տված, ստուդիայում` ամայություն է և ավեր: 2005-ին 350 միլիոն դրամով վաճառված կինոստուդիան այսօր գնահատվում է 3 միլիարդ դրամից ավելի:
Ի՞նչ ճակատագիր է սպասում «Հայֆիլմին» հետայսու: Մեքսիկական սերիալների հայազգի դերասան Մաուրիսիո Օչմանի` «Հայֆիլմը» գնելու լուրը տարածվեց կայծակնային արագությամբ և առանձնապես լուրջ չընդունվեց: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՑ հետաքրքրվեցի` սա զուտ ցանկությո՞ւն է, թե՞ կան «Հայֆիլմը» գնելու առաջարկներ:
«Որքան դուք գիտեք, այդքան էլ ես: Այդ բոլորը խոսակցությունների տիրույթում են, ստուդիան գնելու, պայմաններին ծանոթանալու որևէ ռեալ առաջարկ չկա: Գուցե ինչ-որ մեկը գրել է իր ցանկության մասին: Ես էլ կարող եմ գրել, որ ուզում եմ գնել: Մի անգամ ունեցել ենք դառը փորձ: Պետք է լուրջ մոտենալ խնդրին, և մենք, և կառավարությունը մտածում ենք, որ երկրորդ անգամ չսխալվենք»,- ասաց Գևորգ Գևորգյանը:
«Ստուդիան գործելու է պետությա՞ն հոգածության ներքո, թե՞ նոր սեփականատեր է ունենալու» հարցը նույնպես առայժմ պատասխան չունի: Կինոկենտրոնի տնօրենն ընդգծեց, որ պետությունն առաջին դրական քայլն արեց` հետ վերցնելով կինոստուդիան, որովհետև չէին կատարվել պարտավորությունները, հետագա քայլերը քննարկվում են: Հարց է առաջանում`պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվության ենթարկվելո՞ւ է սեփականատերը: «Կառավարության հետ է կնքվել սեփականաշնորհման պայմանագիրը, ի՞նչ կարգով են վերադարձնում, պատասխանատվություն կլինի՞, թե՞ ոչ, չգիտեմ: Այնպիսի հարցեր եք տալիս, որոնք ես չեմ լուծում և չեմ կարող դրանց պատասխանել»,- ասաց Գևորգ Գևորգյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1108

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ